Մարոն

I
Մեր գյուղն էն է, ոո հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ.
Ի՛նչ է ուզում՝ չըգիտեմ…
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր.
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս:
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի:

II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին:
Էն առվակում կես օրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում:
Կամ հետևում հև ի հև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի…

Մարո՜, անբա՛խտ, վաղամե՛ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՛րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՛լ…

III
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տանը երբ մի օր
Եկան երկու եկավոր:
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
— Շնորհակալ ենք մենք, ասին,
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի.
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից…
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց.
— Կամքըդ լինի, տեր աստված…
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:

IV
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս.
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան:
Շատ էր սիրում և Մարոն.
— Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր…

V
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը…
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց.
— Տե՞ր ես, որդյա՜կ, հարցըրեց:
— Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին.
— Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի…
Իսկ երբ հնչեց «տարան հա՛» — ն,
Նըրան փեսի տուն տարան:
Պըսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:

VI
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն.
Փախավ, եկավ ետ հոր տուն:
Եկավ լացեց նա վըշտոտ,
— Ես չեմ գնալ նըրա մոտ.
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին…

VII
Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ.
— Դուրս իմ տանից, սևերե՜ս,
Ետ չնայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս…
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը:

VIII
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով:
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ:

IX
Շատ ամիսներ անց կացան…
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՜ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան…
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր:
Շատ լաց եղավ և Կարոն…
Մեռա՛վ, գընաց մեր Մարոն:

X
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին:
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին:

XI
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին…
— Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՛ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՛ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՛ն,
Տուն արի՜, տո՛ւն, Մարո ջա՛ն,
Խո՞ր ես քընել, Մարո ջա՛ն,
Չե՜ս զարթնում էլ, Մարո ջա՛ն…
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայլփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ:

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր, 

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ 

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։ 

Անհուն հանքը իմ գանձերի, 

Սիրտս է առատ, լեն ու ազատ. 

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի— 

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ 

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես 

Գողից, չարից, չար փորձանքից, 

Աշխարհքով մին՝ ահա էսպես 

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։ 

Ես հարուստ եմ, ես բախտավոր 

Իմ ծննդյան պայծառ օրեն, 

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, 

Իր տվածն եմ տալիս իրեն։ 

Ուղտն ու դևեն

Ձմռանը գառները մակաղել էին գոմում։ Դուռը զարկեցին։ 

– Այն ո՞վ է ,- ձայն տվեցին գառները։

– Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դուրսն էլ շատ ցուրտ է, մրսած եմ, ոտքս ցավում է, մանավանդ որ ոտքս հիվանդ է, սառելուց չի շարժվում, փայտացել է։ Ձեր հոր ու մոր հոգիների համար, դուռը բացեք, ոտքս ցավում է։

Գառները խորհրդակցեցին։

-Բացենք թե՞ չբացենք․ բացենք ,- ասացին,- մեղք է, թող իր մեկ ոտքը մցնի ներս, որ տաքացնի, մեզ ի՞նչ վնաս է։

Դուռը բացվեց, ուղտը ոտքը երկարացրեց ներս։

-Տեսաք, գառնուկներ, ձեզ վնաս չեմ տալիս, թողեք մյուս ոտքս էլ մցնեմ․ մեկ ոտքը, որ վնաս չտվեց, երկուսն էլ չի տա։

-Ճիշտ է,- ասացին,- մեկ ոտքը, որ վնաս չտվեց, երկուսն էլ չի տա։

Եվ դուռը կիսաբաց արին, ու ուղտը մարմնի կեսը ներս է մցրեց, մեկ էլ տեսան դուռն ու ծխնիները վրան կախված ներս խցկվեց, գառներից մի քանիսը ոտքերի տակ ճխլվեցին, երբ նստեց, մի քանիսն էլ տակը մնացին, մյուսները թողին փախան, գոմն էլ ուղտին մնաց։

Խոսեի սանդալները

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:


Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:


Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:


Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:


Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:


Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:


Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:


Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:


Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:


Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ ծննդյան հեքիաթ

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:

— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:

Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Սբ. ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Մի մարդու քաղաքը/Գրիգ

Պատմվածքը ինձ շատ դուր եկավ, որովհետև այն ինձ շատ բան սովորեցրեց։ Այն սովորեցնում է, որ պետք է կարդալ, որպեսզի մարդկանց հետ շփվելիս՝ գրագետ խոսես, տեղեկացված լինես գրքերի և գրողների մասին, պետք չէ խղճալ մարդկանց և պետք չէ լինել զոհի կարգավիճակում և թողնել ձեզ խղճան։ Կյանքում շատ ցավալի դեպքեր են լինում, այս մեկն էլ բացառություն չէր, որ մարդը իր կյանքի մեծ մասը նվիրում է ուսմանը։ Ծերուկը կոնսերվատորիայի դասախոսից դարձել էր փողոցում գրիչ վաճառող, ինչը շատ ցավալի է։ 

Պուճուր մարդը/Գրիգ

Կարծում եմ, «Պուճուրը» այս պատմվածքում ուղիղ իմաստով չի ասված: Հեղինակը կարծես ուզում է ասել, որ այդ մարդը հասակով պուճուր չէ, նա ուզում էր ասել, որ ինքը թույլ է: Պուճուր մարդը թույլ էր և անհավատ, որովհետև  նրա նկարները միշտ մռայլ էին: Նա իր հոգու խորքում տխուր էր: Եվ այդ նկարները ցույց էին տալիս, որ նա տխուր է: 

Այս պատմվածքը  նաև իրականությանը շատ մոտ էր: Այժմ կան շատ մարդիկ, ովքեր տարիներով սովորում են, տանջվում են, շաբաթներով չեն քնում, բայց իրենց աշխատանքները չեն դառնում հայտնի: Իսկ կան մարդիկ, ովքեր հայտնի  դարձել են միայն գումարի միջոցով: Նրանք  տարիներով չեն սովորել, չեն տանջվել: Մի խոսքով՝ նրանք ամեն ինչին հասել են գումարի և ոչ թե տաղանդի շնորհիվ:

Հիսուսի կատուն/Գրիգ

Վերլուծություն

Պատմվածքը յուրահատուկ էր: Նարեկը՝ պատմվածքի գլխավոր հերոսը, միշտ եղել է կյանքի դժվարությունների առաջ, բայց երբեք չի կոտրվել և չարությամբ չի լցվել իր շրջապատի հանդեպ: Նարեկը ավելի քան ուժեղ էր քան մնացածը: Նա լռեց, փոխեց իր դպրոցը և ոչ ոք չիմացավ թե ինչ պատահեց նրա հետ: Հեղինակը իսկապես շատ պատկերավոր է ներկայացրել Նարեկի մորը: Ասում է, որ նրա երակները ցցված էին, ինչը խոսում է նրա դժվարին կյանքի մասին, բայց ինչպես մնացած մայրերի համար այդպես էլ Նարեկի մայրիկի համար առաջնային էր իր զավակի առողջությունը: Նա բոլորին խնդրում էր, որ իր տղային չնեղացնեն: Մայրը ինձ մոտ թողեց խեղճ և տխուր կերպարի տպավորություն:

Հեղինակը Գրիգն էր: Նա շատ պատկերավոր էր բնութագրում բոլորին, բայց իր մասին շատ քիչ էր խոսվում: Կարենին չեմ մեղադրում, քանի որ նա զարմացած էր, թե ինչպես կարող է կատուն քայլել ջրի վրայով: Իր արարքներով նա ուզում էր համոզված լինել իր լսածի վերաբերյալ:

Պատմվածքի վերջում մենք տեսնում ենք Նարեկին քահանա դարձած: Նա չէր կոտրվել ու ընտրել էր ամենաբարդ մասնագիտություններից մեկը: Կարծես՝ հենց նա էր Հիսուսի կատուն: Ես հասկացա, թե որքան կարևոր է կյանքում հիշաչար չլինելը, ընդհակարակը պետք է բոլորին շնորհակալ լինել և քայլել միայն առաջ:

Զաբուղոն

Զաբուղոնը սիրո մասին է՝ սիրահարված երիտասարդների: Մի երիտասարդ կողոպտիչ սիրահարվում է մի աղջկա ու գիշերները գալիս աղջկա տուն: Հետո աղջիկը սիրահարվում է մեկ ուրիշին ու որոշում է նախկին սիրեկանին հանձնել ոստիկանության ձեռքը: Էստեղից պարզ է դառնում, որ աղջիկը չէր սիրում երիտասարդին կամ էլ դադարեց սիրել:Սրան բանտ են նստեցնում: Նա փորձում է փախչել բանտից ,սակայն մի քանի տարվա փորձերից հետո հաջողվում է դուրս գալ : Դուրս է գալիս ու գնում սիրուհու տուն: Բայց տեսնում է, որ սիրուհին միայնակ չէ: Կատաղությունից ուզում է սպանել սիրուհուն ու նրա նոր սիրեկանին, բայց գնում է բանտ, որովհետև գիտակցում է, որ իր քաջությունը այլևս  ոչ ոքի անհրաժեշտ չէ: Աշխարհում ոչ ոք ու ոչինչ չունենալով հանդերձ, անգամ իր սիրով իր մենակությունը չի ծածկվում:

Իմ կարծիքով բավականին հետաքրքիր վերջաբան ուներ այս նորավեպը: Ես իհարկե, ինչպես բոլոր ընթերցողները, կարծում էի, որ վերջում երկու սիրահարները սպանվելու են Զաբուղոյի կողմից, բայց նովելը իրոք անսպասելի ավարտ ունեցավ: «Զաբուղոն» ունի շատ կարևոր ենթատեքստ, որի հիմնական նպատակն է ուժեղ մարդու կերպարը պահպանելը: Ես միանգամայն կողմ եմ հեղինակի գրած վերջաբանին: