էլեկտրացույց

Մարմինները կարելի է էլեկտրականացնել ոչ միայն շփելով, այլև հպելով նախապես էլեկտրականացված մի այլ մարմնի: Հպումից հետո էլեկտրական լիցքի մի մասը կանցնի նրան: Գոյություն ունեն սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել՝ մարմինը էլեկտրական լիցք ունի, թե՞ ոչ, նաև չափել այդ լիցքի մեծությունը: Առաջին սարքը կոչվում է էլեկտրացույց, երկրորդը՝ էլեկտրաչափ: Դպրոցական էլեկտրացույցը շատ պարզ կառուցվածք ունի:  

Электроскоп3.jpg

 Մետաղյա շրջանակին ագուցված է պլաստմասսե խցան, որի միջով մետաղյա ձող է անկացված: Ձողի ծայրին ամրացված է ալյումինե երկու թերթիկ: Շրջանակը երկու կողմից փակված է ապակիով: Եթե հպման միջոցով էլեկտրացույցի ձողը լիցքավորվի, ապա մետաղյա թերթիկները, ստանալով նույնանուն լիցքեր, կվանեն միմյանց:  Ընդ որում՝ որքան մեծ լինի էլեկտրացույցի լիցքը, այնքան մեծ կլինի վանողության ուժը և թերթիկների միմյանցից շեղման անկյունը:  Էլեկտրաչափի կառուցվածքը մի փոքր այլ է. նրա մեջ թերթիկների փոխարեն մետաղյա ձողին ամրացված է ալյումինե թեթև սլաք, որը կարող է ազատ պտտվել: Էլեկտրաչափը  լիցքավորելիս ալյումինե սլաքը վանվում է ձողից և շեղվում մի որոշ անկյունով: Էլեկտրաչափի աստիճանավորված սանդղակը թույլ է տալիս սլաքի շեղման անկյան միջոցով որոշել էլեկտրաչափին հաղորդված լիցքի մեծությունը:  

'електрац.jpg

 Ինչպես ցույց են տալիս փորձերը, լիցքը կարող է  մի մարմնից անցնել մյուսին: Ըստ էլեկտրական լիցք հաղորդելու ունակության՝ նյութերը կարելի է բաժանել հաղորդիչների և մեկուսիչների:  Այն մարմինները, որոնք ընդունակ են իրենց միջով էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են էլեկտրականության հաղորդիչներ:Մարդու մարմինը, բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են: Մեկուսիչներ են կոչվում այն մարմինները, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում: Մեկուսիչներ են էբոնիտը, սաթը, հախճապակին, պլաստմասսան, մետաքսը, կապրոնը, կերոսինը, օդը և այլն:  Էլեկտրական լիցքը հաղորդելով մի մարմնից մյուսին, կարելի է լիցքը բաժանել մասերի, օրինակ՝ կիսել: Դրա համար անհրաժեշտ է 2 միատեսակ էլեկտրաչափ. մեկը՝ լիցքավորված, մյուսն՝ էլեկտրաչեզոք, ինչպես նաև  հաղորդիչ՝ մետաղյա ձող՝ էլեկտրամեկուսիչ բռնակով:  

делехн.jpg